Դիլիջան

Դիլիջան

Դիլիջանը իր գրավիչ բնաշխարհով համեմատվում է Շվեցարիայի հետ։ Դիլիջանը գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ափին։ Սաղարթախիտ անտառները վեր են խոյանում իրենց շուրջը առնելով Դիլիջան քաղաքը։ Մեղմ կլիման, մաքուր օդը, հանքային աղբույրները և գեղեցիկ բնաշխարհը այստեղ են գրավում բազմաթիվ հանգստացողների և տուրիստների։ Դիլիջանը հայտնի է նաև իր ազգային պարկով՝ արգելոցով , որը հարուստ է բուսական և կենդանական աշխարհով, այստեղ աճում են բազմաթիվ ծառատեսակներ , դեղաբույսեր , սունկ։ Այստեղ է գտնվում Պարզ լիճը, որը ծովի մակարդակից բարձր է 1334 մետրով և շրջապատված է խիտ անտառներով։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը հետաքրքիր և բազմաբովանդակ կազմակերպելու համար։ Առկա են ռեստորաններ, բազմաթիվ սպորտային խաղեր՝ նավակով թիավարել, ձիերով զբոսնել, զիփլայնը և այլն։ Դիլիջանը առանձնանում է նաև պատմամշակութային մեծ ժառանգությամբ։ Տուրիստները և հանգստացողները մեծ հետաքրքրությամբ են այցելում միջնադարյան եկեղեցիներ Հաղարծինը, Գոշավանքը, Մաթոսավանքը, Ջուխտակ վանքը։